ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախատեսում են հաջորդ շաբաթ Լոնդոնում անցկացնել բարձր մակարդակի միջազգային հանդիպում՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովող հնարավոր կոալիցիայի ձևավորման հարցը քննարկելու նպատակով։
Այս մասին Axios-ին հայտնել են երկու եվրոպացի դիվանագետ և քննարկումներին ծանոթ ևս երկու աղբյուր։ Հանդիպման անցկացման օրն ու օրակարգը դեռ վերջնականապես համաձայնեցված չեն։
Սպասվում է, որ հանդիպմանը կարող են մասնակցել արևմտյան և տարածաշրջանային երկրների պաշտպանության նախարարներ ու բարձրաստիճան զինվորականներ։ Մասնակիցների թվում հնարավոր է լինեն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։
Axios-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցը առևտրային նավերի համար վերաբացելը դիտարկվում է որպես Իրանի հետ հակամարտությունից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր ռազմավարության և համաշխարհային էներգետիկ շուկաների կայունացման կարևոր բաղադրիչ։
Վաշինգտոնը ցանկանում է շարունակել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ վերջին ամիսներին տարբեր երկրների հետ անցկացրած քննարկումները՝ նեղուցում միջազգային ծովային առաքելություն ձևավորելու շուրջ։
ԱՄՆ-ն ակնկալում է, որ դաշնակիցները տարածաշրջան կարող են ուղարկել ականազերծող նավեր, ռազմանավեր, անօդաչու թռչող սարքեր և այլ միջոցներ՝ ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։
Միաժամանակ մի շարք երկրներ նման առաքելությանը մասնակցելու հիմնական պայման են համարում նեղուցում ռազմական գործողությունների դադարեցումը և միջազգային ուժերի համար անվտանգ պայմանների ստեղծումը։
Ըստ Axios-ի՝ նախաձեռնությունը հաջորդում է Օմանի, Իրանի և Կատարի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր համաձայնության շուրջ բանակցությունների ձախողմանը։ Իրանի կողմից առևտրային նավերի դեմ հարձակումներից հետո ԱՄՆ-ն սկսել է ամենօրյա հարվածներ հասցնել Իրանի հարավային ափամերձ շրջաններում տեղակայված ռազմական թիրախներին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին և շարունակելու է պաշտպանել իր շահերը Հորմուզի նեղուցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում