Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»

Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հետխորհրդային տարածաշրջանում վերջին տասնամյակների զարգացումները հստակ օրինաչափություն են ի ցույց դնում. անվտանգային համակարգերի կտրուկ փոփոխությունն ու արտաքին քաղաքական վեկտորի անհավասարակշիռ վերանայումը հաճախ հանգեցնում են ծանր հետևանքների։ Տարածաշրջանային պետությունների համար սեփական անվտանգությունը միջազգային նոր կենտրոնների հետ կապելու փորձերը ոչ միայն չեն երաշխավորում կայունություն, այլև շատ հաճախ դառնում են տարածքային ամբողջականության և պետականության կորստի պատճառ։

Այս համատեքստում Հարավային Կովկասում ընթացող ռազմաքաղաքական տեղաշարժերը, դաշնակցային հարաբերությունների վերանայումը և ուժերի հավասարակշռության խախտումը ստեղծել են մի իրավիճակ, երբ անվտանգային նոր սպառնալիքներն ավելի քան տեսանելի են դառնում։ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների, արտաքին քաղաքական սխալների և տարածաշրջանային մարտահրավերների շուրջ «Փաստը» զրուցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։

«Փաստի» հետ զրույցում Արշակ Կարապետյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետևանքներին, զուգահեռներ անցկացրեց հետխորհրդային այլ պետությունների հետ։ Նա նշեց, որ եվրոպական ուղեգիծ որդեգրած առաջին երկրներից Մոլդովան ի վերջո կորցրեց Մերձդնեստրը և այժմ կանգնած է սեփական պետականությունը կորցնելու վտանգի առջև։ Նույն կերպ Վրաստանը՝ Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին, դեպի Եվրոպա ձգտելու արդյունքում կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Ըստ նրա՝ Հայաստանը, սկսելով «ռեվերանսներ» անել Եվրոպային, կորցրեց Լեռնային Ղարաբաղը և մի շարք սահմանամերձ տարածքներ, և այս գործընթացը դեռ շարունակվելու է։ Կարապետյանը հավելեց, որ Ուկրաինան նույնպես, եվրոպական ձգտումների ճանապարհին, կորցրեց ու շարունակում է կորցնել տարածքներ՝ կանգնելով պետականության կորստի առաջ։

Անդրադառնալով տեղեկատվական դաշտի զարգացումներին՝ Կարապետյանն իր տարակուսանքն արտահայտեց հայկական որոշ լրատվամիջոցների որդեգրած գծի վերաբերյալ։ Նա նկատեց, որ այդ ԶԼՄ-ները չարախնդությամբ ու խանդավառությամբ տարածում են լուրեր, թե իբր Մոսկվայում և Ռուսաստանի այլ շրջաններում բենզինի ու վառելիքի լուրջ պակասուրդ (դեֆիցիտ) կա։ Հակադարձելով նման պնդումներին և խոսելով ռազմական իրական կարողությունների մասին՝ նա ընդգծեց, որ աշխարհում չգիտի ավելի հզոր ու արդյունավետ ՀՕՊ համակարգ, քան Ռուսաստանինն է. անգամ մասշտաբային հարձակումների ժամանակ, երբ օդ են բարձրանում հարյուրավոր թիրախներ (օրինակ՝ 400 օբյեկտ), դրանց 99 տոկոսը խոցվում է։ Իսկ հասցված հնարավոր վնասները, նրա խոսքով, կրում են վերականգնելի բնույթ և չեն հանգեցնում անդառնալի ռազմավարական կորուստների։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հռետորաբանությանը՝ Արշակ Կարապետյանը նկատեց, որ ադրբեջանցիներն իրենց արդեն Ալեքսանդր Մակեդոնացի են պատկերացնում և գրում են, թե պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի կամ Իրանի դեմ։ Նա հիշեցրեց, որ նրանք ընդամենը գյուղատնտեսությամբ, միրգբանջարեղեն վաճառելով զբաղվող մարդիկ են, և բացի Հայաստանից (այն էլ այն պայմաններում, երբ իշխանության գլխին է այսօրվա բռնապետը), Ադրբեջանը որևէ մեկին հաղթելու շանս չունի։

Զրույցի ավարտին Կարապետյանը վստահություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և ամեն ինչ վերադառնալու է իր տեղը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում