«Միասնության Թևեր»-ը դատապարտել է Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները
Կարդացեք նաև
«Միասնության Թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության ղեկավարի՝ մեր կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ հրապարակային մեղադրանքները և իրավապահ մարմիններին ուղղված բացահայտ քաղաքական հրահանգը, նշված է կուսակցության տարածած հայտարարության տեքստում.
«Կառավարության նիստից հետո վարչապետը, հերթական անգամ դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, զրպարտել է մեր գործընկերոջը, նրան վերագրել մասնավոր շահերի սպասարկում, տեղեկությունների փոխանցում և ենթադրյալ այլ հակաիրավական գործողություններ, ապա իրավապահ մարմիններին փաստացի հրամայել է ստուգել նրա բանկային հաշիվներն ու ունեցվածքը։
Սա կառավարության ղեկավարին բնորոշ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հրապարակային հերթական քաղաքական պատվերն է։
Առանձնապես վտանգավոր է, որ Փաշինյանն իր առաջադրած մեղադրանքները բացահայտորեն շաղկապել է Լիպարիտ Դրմեյանի՝ «Միասնության Թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու և ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Դրանով իշխանության ղեկավարը բաց տեքստով հաղորդել է, որ անձի քաղաքական ընտրությունը կարող է նրա նկատմամբ իրավապահ համակարգի գործադրման հիմք դառնալ։
Իրավական պետությունում կառավարության դիրքորոշմանը հակասող փաստաթուղթ կազմելը, վարչապետի ցանկալի եզրակացությունը չարձանագրելը կամ մասնագիտական այլ տեսակետ ներկայացնելը հանցագործություն չէ։ Պետական ծառայողը պարտավոր է ծառայել օրենքին և պետությանը, ոչ թե որևէ պաշտոնատար անձի քաղաքական կամքին։
Զարմանալի չէ, որ Գլխավոր դատախազությունը գրեթե անմիջապես ընթացք տվեց Փաշինյանի հայտարարությանը։ Նման օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ այս գործողությունը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ։
Փաշինյանի այս վարքագիծը պետական ինստիտուտների ապականման, իրավապահ մարմինների քաղաքական գործիքավորման և ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սա նաև ուղիղ ազդակ է պետական համակարգի բոլոր մասնագետներին՝ կառավարության ղեկավարի կամքին չհամապատասխանող մասնագիտական դիրքորոշումը կարող է հետագայում ներկայացվել որպես հանցագործություն։
«Միասնության Թևեր» կուսակցությունը պահանջում է Գլխավոր դատախազությունից և իրավապահ բոլոր մարմիններից գործել բացառապես օրենքով, չկատարել քաղաքական հրահանգներ և հրապարակայնորեն ներկայացնել, թե կոնկրետ ինչ փաստական և իրավական հիմքով է ընթացք տրվել Փաշինյանի հայտարարությանը։
Պահանջում ենք ապահովել մեր գործընկերոջ՝ Լիպարիտ Դրմեյանի բոլոր իրավունքները, բացառել նրա նկատմամբ որևէ ապօրինի ճնշում, գաղտնի կամ հրապարակային հետապնդում և կանխել իշխանության ղեկավարի հայտարարությունների ազդեցությունը վարույթի ընթացքի վրա։
Նիկոլ Փաշինյանը քաղաքական և անձնական պատասխանատվություն է կրում այս հրապարակային հաշվեհարդարի պատվերի, անմեղության կանխավարկածի ոտնահարման և իրավապահ մարմիններին հրահանգավորելու համար։
Հայտարարում ենք, որ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ցանկացած գործողություն դիտարկելու ենք Փաշինյանի այս հրապարակային մեղադրանքի և քաղաքական հրահանգի համատեքստում։ Կուսակցությունը կօգտագործի բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ Լիպարիտ Դրմեյանի իրավունքները պաշտպանելու և քաղաքական հետապնդման յուրաքանչյուր փորձ կանխելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում