Ադրբեջանցի դիվերսանտի մասին գիրքը ներկայացնում է Քարվաճառում նրա կատարած հանցագործությունների մանրամասները

Այսօր, դեկտեմբերի 1-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը: Այս մասին տեղեկանցնում է Artsakhpress.am լրատվական կայքը: 

Դատական նիստում, որպես գործով ապացույց, ներկայացվել է Դիլհամ Ասկերովի մասին պատմող ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի՝ «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:

Գրքում մանրամասնորեն ներկայացված է Դ. Ասկերովի՝ ղարաբաղաադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները։ Այնտեղ խոսվում է, մասնավորապես, մինչ Քարվաճառում հայտնվելը, ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ Ասկերովի հանդիպումների մասին։ Բացի այդ, հեղինակն անընդհատ մատնանշում է Դիլհամ Ասկերովի ատելությունը հայերի նկատմամբ:

Ի պատասխան դատավորի և պետական մեղադրողի հարցերին, թե ինչն է հայերի նկատմամբ ատելության պատճառը՝ Ասկերովը նշել է, որ ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ, և որ հեղինակն ուղղակի այն հորինել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում