Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»

Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում, և այսօր հայաստանյան քաղաքական մտքի գերխնդիրը պետք է լինի Հայաստանը հանել այդ ծուղակից և էլ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա Արևմուտքի համար հերթական գործիքը իր գեոպոլիտիկ հակառուսական պայքարում»։ Այս մասին գրել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։

Նրա խոսքով, ինչպես թշնամիների, այնպես էլ Հայաստանն օգտագործել ցանկացողների համար բոլորն էլ հայ են և Հայաստանի քաղաքացի, ուստի անհրաժեշտ է մի կողմ դնել ներքին հակասություններն ու անձնական անհամակրանքները: Ըստ նրա, մինչ տեղական քաղաքական դերակատարները զբաղված են միմյանց քննադատելով և քաղաքական ամբիցիաներ բավարարելով, Արևմուտքն առաջ է մղում իր ծրագրերը՝ քանդելով տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, ինչի բացասական հետևանքները կրելու է հենց հայ ժողովուրդը:

Մհեր Ավետիսյանը կոչ է անում քաղաքական խաղացողներին դադարեցնել ներքաղաքական պայքարը և համախմբվել «Հայաստան» ու «Հայոց պետականություն» գաղափարների շուրջ՝ միասնական անվտանգության բանաձև գտնելու համար: Նա ընդգծում է, որ անվտանգային լուրջ մարտահրավերների և ճգնաժամի պայմաններում երկիրը չի կարող ունենալ ներքաղաքական օրակարգ կամ ներքին խրամատներ, այլ պետք է մեկ բռունցք դառնալ և պաշտպանել պետական շահն ու անվտանգությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում