Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Կարդացեք նաև
Քաղաքագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Ղևոնդյանը՝ հրապարակելով ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան որոշման քաղվածքը։
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել դադարեցնել Ղևոնդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հարուցված հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
«Շատ հետաքրքիր 2,5 ամիսներ էին: Հատկապես ընկերների հարցում կյանքով մեկ վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ»,- գրել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել էր ամռանը՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումների պատճառով, ինչից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել վարչական հսկողությունը։ Քաղաքագետն ու նրա պաշտպանները սկզբից էլ հայտարարում էին, որ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի հետևանք է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում