Հայկական դասական երաժշտությունը Հռոմում․ Valentino-ն ընտրել է Խաչատրյանի «Վալսը»
Կարդացեք նաև
Իտալական Valentino նորաձևության տունն իր 2026/27 աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավում օգտագործել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից հայտնի «Վալսը»։ Այս մասին պաշտոնապես հայտարարվել է բրենդի սոցիալական էջերում։
Valentino Interferenze Fall/Winter 2026–27 անվանումը կրող արշավի նկարահանումներն անցկացվել են Հռոմի Centrale Montemartini թանգարանում։ Նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեի մտահղացմամբ՝ պատմամշակութային ժառանգությունն այստեղ յուրօրինակ երկխոսության մեջ է մտնում ինդուստրիալ ժամանակակից միջավայրի հետ։
Լուսանկարների և տեսանյութի հեղինակն է Գլեն Լաչֆորդը, իսկ արտ-տնօրենները՝ Էզրա Պետրոնիոն և Լանա Պետրուսևիչը։ Նկարահանումներին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող մոդելներ Ապոլինը, Ջորջ Անդերսոնը, Ցյույ Լին, Ջո Բոտոմերը և Դարիո Տոնինը։
Արշավի երաժշտական հիմք հանդիսացող «Վալսը» Խաչատրյանը գրել է 1941 թվականին՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար։ Ավելի ուշ դրա հիման վրա ստեղծվել է հնգամաս նվագախմբային սյուիտը, որը ներառում է «Վալս», «Նոկտյուրն», «Մազուրկա», «Ռոմանս» և «Գալոպ» հատվածները։ Հայկական դասական երաժշտության այս գլուխգործոցն այժմ դարձել է համաշխարհային բարձր նորաձևության նորագույն ցուցադրության այցեքարտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում