44-օրյա պատերազմի կորուստների պաշտոնական թվերը և տարբերվող հայտարարությունների ֆոնին հնչող պահանջը
Կարդացեք նաև
Հայաստանի քննչական կոմիտեն հերթական անգամ թարմացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի կորուստների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը։
Իրավապահ մարմնի հաղորդագրության համաձայն՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը զինծառայողներ են, իսկ 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Բացի այդ, անհայտ է մնում 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
Պաշտոնական տվյալների հերթական հրապարակումը կրկին ուշադրության կենտրոնում է պահում այն փաստը, որ տարբեր ժամանակահատվածներում երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ռազմական գործողությունների կորուստների վերաբերյալ տարբերվող թվեր են հնչեցրել։
Մասնավորապես, օրեր առաջ Պրահայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, թե պատերազմում հայկական կողմն ունեցել է 4800 զոհ, ինչից հետո նախագահի աշխատակազմը ստիպված եղավ պարզաբանում տարածել՝ տեղի ունեցածը որակելով վրիպակ և հղում անելով զինծառայողների 3755 զոհերի պաշտոնական թվին։
Տարբեր առիթներով տարբերվող ցուցանիշներ են ներկայացվել նաև այլ պաշտոնյաների կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ելույթներում հնչեցրել է «պլյուս-մինուսով» փոփոխվող տվյալներ (օրինակ՝ 3773, ապա՝ 3825 զոհվածների մասին)՝ նշելով, որ թվային տատանումները պայմանավորված են ԴՆԹ փորձաքննությունների և նույնականացման շարունակական ընթացքով։ Իսկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հիմնվելով Քննչական կոմիտեի տվյալների վրա, նշել է ընդհանուր 3833 զոհի մասին։
Այս իրավիճակում, երբ պատերազմից արդեն շուրջ վեց տարի է անցել, պաշտոնական հայտարարություններում առկա թվային անհամապատասխանությունները շարունակում են հանրային դժգոհության և տարբեր շահարկումների առիթ դառնալ։
Հանրության շրջանում ձևավորված հստակ տեսակետի համաձայն՝ շահարկումներին վերջ տալու միակ անհրաժեշտ և բարոյական քայլը բոլոր զոհվածների անվանական ամբողջական ցուցակի հրապարակումն է։ Արդեն վեց տարի անցած լինելու պարագայում հասարակությունն ու զոհվածների հարազատներն բարոյական և իրավական լիարժեք իրավունք ունեն իմանալու Հայրենիքի համար իրենց կյանքը տված յուրաքանչյուր հերոսի անունը՝ անուն առ անուն։ Ամբողջական ցուցակի հրապարակումը ոչ միայն կբացառի որևէ քաղաքական կամ տեղեկատվական մանիպուլյացիա, այլև հարգանքի տուրք կլինի զոհվածների հիշատակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում