Վրաստանում ձերբակալվել է նախկին պաշտպանության նախարար Գիորգի Բարամիձեն՝ «պետական դավաճանության» մեղադրանքով
Կարդացեք նաև
Վրաստանում ձերբակալվել է երկրի վարչապետի նախկին պաշտոնակատար, պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար, Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Բարամիձեն։ Վրաստանի Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվելու «պետական դավաճանության, մասնավորապես՝ սաբոտաժի» հոդվածով։
Քրեական հետապնդման հիմք է դարձել հուլիսի 18-ին «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յագո Խվիչիայի YouTube-յան ալիքով հեռարձակված հարցազրույցը։ Դրանում 58-ամյա քաղաքական գործիչը հայտարարել էր, թե 1992-1993 թվականների աբխազական պատերազմի սկզբում վրացի զինվորները գերիներ չեն վերցրել, այլ տեղում գնդակահարել են նրանց, ինչի պատճառով վրացական կողմը զուրկ է եղել փոխանակման ֆոնդից։
Վրաստանի իրավապահ մարմինները, քննություն իրականացնելով վետերանների պետական ծառայության դիմումի հիման վրա, հայտարարել են, որ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ որևէ փաստ չի հաստատվել։ Դատախազությունը Բարամիձեի հայտարարությունները որակել է որպես անհիմն ու կեղծված՝ ընդգծելով, որ դրանք միտումնավոր հարված են հասցրել երկրի ռազմական ու պետական հեղինակությանը, ինչպես նաև վտանգել խաղաղության և ապաօկուպացիայի քաղաքականությունը։ 58-ամյա քաղաքական գործչին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։
Բարամիձեն դարձել է Վրաստանի պաշտպանության 5-րդ նախկին նախարարը, ում նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում։ Նախկինում դատապարտվել կամ կալանավորվել են նաև նախկին պաշտոնյաներ Բաչո Ախալայան, Իրակլի Օկրուաշվիլին, ինչպես նաև «Վրացական երազանք» կուսակցության նախկին ներկայացուցիչներ Ջուանշեր Բուրչուլաձեն և Իրակլի Ղարիբաշվիլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում