«Բաբ էլ-Մանդեբը՝ հուսիների վերահսկողության տակ»․ Աշխարհաքաղաքական նոր ճգնաժամ Կարմիր ծովում
Կարդացեք նաև
Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի հարավային մասում գտնվող Մեծ և Փոքր Հանիշ կղզեխմբի վրա՝ էապես ամրապնդելով իրենց ռազմավարական դիրքերը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։ Կղզեխմբի կորուստը հաջորդել է ավելի վաղ հուսիների կողմից մայրցամաքային Մոխա նավահանգստային քաղաքի և Փերիմ կղզու գրավմանը, ինչից հետո կառավարամետ ուժերը ստիպված են եղել նահանջել:
Այս զարգացումները տեղի են ունենում հուլիսին ՄԱԿ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտումից հետո, երբ հուսիները վերսկսեցին ակտիվ ռազմական գործողությունները: Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողության ընդլայնումը լուրջ սպառնալիք է ստեղծում միջազգային ծովային առևտրի և նավթամատակարարման համար, հատկապես ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտության ու Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին: Հուսիներն արդեն ավելի քան մեկ ամիս հարվածներ են հասցնում Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին և Կարմիր ծովով անցնող նավերին՝ մեծացնելով ճնշումը նավթի համաշխարհային գների վրա:
Ռազմական գործողությունների ակտիվացումը հանգեցրել է հումանիտար ծանր հետևանքների։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 3-ից ի վեր զոհվել է շուրջ 150, վիրավորվել՝ ավելի քան 200 քաղաքացիական անձ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 80,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հատկապես Թաիզ նահանգում, որտեղ ընթանում են ինտենսիվ մարտեր:
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության Նախագահական ղեկավար խորհրդի ներկայացուցիչները մերձափնյա շրջաններում կրած կորուստները որակել են «ցավալի», սակայն հայտարարել են, որ կառավարական ուժերն այժմ վերախմբավորվում են՝ հակահարձակման անցնելու և պետական ինստիտուտների վերահսկողությունը վերականգնելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում