Ավարտվել է Սևանի նախկին համայնքապետի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործով նախաքննությունը
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռ․Ղ․-ն, 2012 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 3-ը զբաղեցնելով Սևան համայնքի ղեկավարի պաշտոնը, ավագանու մի շարք անդամների և իր մտերիմներից 2 անձանց օժանդակությամբ, 2015 թվականի օգոստոսի 26-ին համայնքին պատկանող հասարակական նշանակության անշարժ գույքը վաճառել է ավագանու անդամներից մեկի մորը։ Գույքը, որի արժեքն այդ պահին կազմել է 18 մլն 940 հազար ՀՀ դրամ, օտարվել է շուկայականից էապես ցածր՝ 5 մլն 200 հազար ՀՀ դրամով։
Այս գործողությունների հետևանքով Սևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 13 մլն 740 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։ ևս 11 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հափշտակությանն օժանդակելու, իսկ մեկ անձի նկատմամբ՝ օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում