Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արա Բադոյանին առաջիկայում կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ Բադոյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։
Դատախազությունը պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, իսկ պաշտպանական կողմը՝ մեղմացնել այն։ Երկու բողոքներն էլ մերժվել էին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Արդյունքում՝ մինչ այս ազատության մեջ գտնվող Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։
Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Հիշեցնենք՝ այդ գիշեր քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ապա ներխուժել Ազգային ժողովի շենք։ Այդ իրադարձությունների ժամանակ փողոցում բռնության էր ենթարկվել նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը, որին դաժան ծեծել էին՝ նրան «դավաճան» անվանելով։ Միրզոյանն անգիտակից տեղափոխվել էր հիվանդանոց։
Նկատենք՝ դեպքից անցել է շուրջ 6 տարի, սակայն մինչ օրս հանրությանը չի ներկայացվել ամբողջական պատասխան այն հարցին, թե ովքեր են եղել Միրզոյանին անմիջականորեն հարվածներ հասցրած բոլոր անձինք։
Նույն գործով Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրա պաշտպանը, սակայն, պնդում է, որ Ասատրյանի կողմից Միրզոյանին հարվածելու փաստը հաստատող որևէ ապացույց չկա, իսկ տարածված տեսանյութերում իր պաշտպանյալը չի երևում։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ մեղադրանքի հիմքում դրվել են նաև Արարատ Միրզոյանի ցուցմունքները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում