«300-ից ավելի զոհ, վիրավոր ու անհետ կորած, բայց որևէ մեկը չի պատժվել»․ Տիգրան Աբրահամյան
Կարդացեք նաև
Անվտանգային հարցերով փորձագետ, քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է 3 տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական օկուպացիայի օրերին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունին։
Իր ֆեյսբուքյան էջում քաղաքական գործիչը գրել է․
«3 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական օկուպացիայի օրերին, ՊԲ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 218 մարդ զոհվեց, 120 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացավ։ Մինչև այժմ 21 մարդու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Այս պայթյունի վերաբերյալ 3 տարի է՝ քննություն է ընթանում, մարդիկ են հարցաքննվում, սակայն այս ամենի օբյեկտիվ պատճառների մասին վերջնական որևէ տեղեկատվություն և որոշում չկա։
Թեպետ սա իր թելերով ուղիղ առնչություն ուներ պատերազմի ու դրա բերած ծայրահեղ լարված իրադրության հետ, իսկ դրա զոհերի մեծ մասը պատերազմի մասնակիցներ էին, սակայն մինչև այժմ նրանց կարգավիճակը հստակեցված չէ, ըստ այդմ՝ զոհերի ընտանիքները համապատասխան հիմնադրամից ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ էլ ընթացիկ վճարներ։
300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում