Le Soir. Բելգիական պարբերականը տպավորիչ ակնարկ է հրապարակել Երևանի և Հայաստանի մասին
Կարդացեք նաև
Բելգիական հեղինակավոր Le Soir պարբերականը հանդես է եկել Հայաստանին ու նրա մայրաքաղաք Երևանին նվիրված տպավորիչ պատմվածք-ակնարկով։ Հոդվածագիրը բելգիական օդանավակայանից ընթերցողին տանում է վիրտուալ ճանապարհորդության՝ դեպի «Հռոմից էլ հին, ծիրանագույն քաղաքը», որը փռված է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափերին։ Le Soir-ը հիշեցնում է քաղաքի հնագույն արմատների մասին՝ առանձնացնելով Էրեբունի ամրոցը, որը մ.թ.ա. 782 թվականին հիմնադրել է ուրարտական Արգիշտի Ա արքան՝ Երևանը դարձնելով Հռոմի հիմնադրումից շուրջ երեք տասնամյակ ավելի հին։
Պարբերականը հատուկ անդրադարձ է կատարում Երևանի ճարտարապետությանն ու «վարդագույն քաղաք» տիտղոսին, որը քաղաքը ստացել է տեղական տուֆ քարի շնորհիվ։ Ակնարկում նկարագրվում են մայրաքաղաքի կոլորիտային առօրյան, Ալեքսանդր Թամանյանի նախագծած Հանրապետության հրապարակը, երգող ֆոնտանները, Կասկադ համալիրը, ինչպես նաև քաղաքից դուրս գտնվող պատմամշակութային գոհարները՝ Գառնիի հեթանոսական տաճարը, «Քարերի սիմֆոնիան» և Գեղարդի վանական համալիրը։ Le Soir-ը չի շրջանցում նաև հայկական խոհանոցը՝ նկարագրելով ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված լավաշի թխման արարողությունը, խորովածն ու հայկական կոնյակը։
Այս չքնաղ ճանապարհորդության առիթը, ինչպես նշում է բելգիական պարբերականը, իրական հնարավորություն է դառնալու, քանի որ 2027 թվականի փետրվարի 1-ից Wizz Air ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ ուղիղ չվերթեր է իրականացնելու Շառլերուայից դեպի Երևան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում