ԱՄՆ-ում առաջարկում են ստեղծել Արհեստական բանականության նախարարություն և արգելել «գերբանականության» մշակումը
Կարդացեք նաև
ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը և Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգ Քասարը հանդես են եկել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտը կարգավորող ծավալուն օրինագծով։ Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, նախատեսում է ԱՄՆ-ում Արհեստական բանականության նախարարության ստեղծում, որի հիմնական գործառույթն է լինելու ոլորտի անվտանգության դաշնային չափանիշների սահմանումն ու վերահսկողությունը։ Բացի այդ, ներկայացված փաստաթուղթն ուղղակիորեն առաջարկում է արգելել այսպես կոչված «արհեստական գերբանականության» ստեղծումը։
Հիմնավորելով նախագծի անհրաժեշտությունը՝ սենատոր Սանդերսը AP-ին տված հարցազրույցում ընդգծել է ԱԲ առավել հզոր համակարգերի զարգացման հարցում զգուշավորություն ցուցաբերելու կարևորությունը։ Նա հարց է բարձրացրել, թե արդյոք մարդկությունը կարիք ունի ստեղծելու մարդկանցից ավելի խելացի համակարգեր, որոնք ունակ են գործելու մարդկային վերահսկողությունից անկախ։ Օրինագծով նաև առաջարկվում է ժամանակավորապես սառեցնել առավել առաջադեմ ԱԲ համակարգերի մշակման գործընթացը՝ մինչև նոր ձևավորվող գերատեսչության կողմից անվտանգության դաշնային կանոնների հստակեցումը։ Հատկանշական է, որ ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունների մի շարք աշխատակիցներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել այս նախաձեռնությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում