Սիրիայում ահաբեկիչներ են սպանվել

Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում, Արևելյան Ղուտայի գյուղերում և ագարակներում «Ջեյշ ալ Ումմա» խմբավորման տասնյակ անդամներ է ոչնչացրել, ոչնչացվել են նաև նրանց զինապահեստը և թաքստոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, Հարասթա քաղաքում 20 ահաբեկիչներ են սպանվել: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Այն Թուրմա, Քաֆր Բատնա գյուղաքաղաքներում:

Պայքարը զինյալների դեմ շարունակվել է Իդլիբի, Հոմսի, Դարաայի, Համայի շրջաններում, որտեղ զինյալները լուրջ վնասներ են կրել: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիական բանակի և զինված ընդդիմադիր ուժերի հետ համաձայնության արդյունքում, սիրիական բանակն ազատ է արձակել 57 ձերբակալվածների: Փոխարենը զինյալները միացրել են մայրաքաղաքի որոշ հատվածների ջրամատակարարումը: Մյուս կողմից «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը շարունակում է ընդլայնել իր տարածքները Համայի և Իդլիբի գյուղերում:

Աղբյուրի տեղեկացմամբ` կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով Հալեպի և Դամասկոսի գյուղերի տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Ընդդիմադիր ուժերը Կալամունի շրջանում գերի են վերցրել սիրիական բանակի 4 ադամների:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում