Reuters․ Փաշինյանն ու Ալիևն անդրադարձել են անհետ կորածների հարցին․ Բաքվում ներկայացվել են նոր տվյալներ

Reuters․ Փաշինյանն ու Ալիևն անդրադարձել են անհետ կորածների հարցին․ Բաքվում ներկայացվել են նոր տվյալներ

Reuters գործակալության փոխանցմամբ՝  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է հակամարտության տարիներին անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման և այդ հարցերով զբաղվող հանձնաժողովների աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։

Ինչպես հայտնում է միջազգային լրատվամիջոցը, Բաքվում անցկացված համաժողովի ընթացքում ադրբեջանական կողմը ներկայացրել է երկկողմ շփումների վերաբերյալ մանրամասներ՝ նշելով, որ 2025 թվականի փետրվարից երկու երկրների համապատասխան հանձնաժողովները գտնվում են ուղիղ կապի մեջ։ Ըստ Reuters-ի մեջբերած տվյալների՝ հունվարին հայկական կողմը տրամադրել էր 50 անհետ կորած հայերի ԴՆԹ տվյալներ, որոնք, սակայն, չեն համընկել Ադրբեջանում հայտնաբերված աճյունների հետ։ Միևնույն ժամանակ, Բաքուն Երևանին է փոխանցել 834 քաղաքացիների ցուցակ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, գերեվարվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Reuters-ը նաև հիշեցնում է, որ անհետ կորածների որոնման և տեղեկատվության փոխանակման հարցերը ներառված են 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ հոդվածում։ Չնայած փաստաթղթի նախաստորագրմանը՝ վերջնական համաձայնագիրը դեռևս պաշտոնապես չի ստորագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում