Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրող Ջելալ Չիֆթչիի նկատմամբ
Կարդացեք նաև
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի քաղաքացի, «Şanlıurfa Olay» թերթի մեկնաբան Ջելալ Չիֆթչիի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերի և կրոնական-ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու համար։
Ըստ Ադրբեջանի գերատեսչության հաղորդագրության՝ հետաքննությունը մեկնարկել է սոցիալական ցանցերում 1975 թվականին ծնված Ջելալ Չիֆթչիի և այլ անձանց հրապարակումների հիման վրա։ Իրավապահները պնդում են, որ Ադրբեջանի Նախարարների կաբինետի 2026 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 309 որոշումից հետո պարբերաբար տարածվել են կրոնական-ռադիկալ բովանդակությամբ նյութեր, այդ թվում՝ ստեղծված արհեստական բանականության կիրառմամբ։ Ըստ Բաքվի՝ այդ հրապարակումները նպատակ են ունեցել ուժի կիրառմամբ հեղաշրջում իրականացնել, փոխել սահմանադրական կարգը և հրահրել կրոնական ատելություն։
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնք վերաբերում են իշխանության զավթման կոչերին, կրոնական թշնամանքի հարուցմանն ու ծայրահեղական նյութերի տարածմանը։ Չիֆթչին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Բաքուն արդեն համապատասխան հարցումներ է ուղարկել Թուրքիայի իրավապահ մարմիններին՝ հետաքննչական գործողություններ իրականացնելու և միջազգային իրավական աջակցություն ստանալու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում