Զելենսկին Բրյուսելում ԵՄ-ից լրացուցիչ 70 միլիարդ եվրո է պահանջել 2027 թվականի համար

Զելենսկին Բրյուսելում ԵՄ-ից լրացուցիչ 70 միլիարդ եվրո է պահանջել 2027 թվականի համար

Բրյուսելում ընթացող Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է 27 երկրների ղեկավարներին՝ կոչ անելով 2027 թվականի համար հատկացնել լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի ֆինանսական և ռազմական աջակցություն։

X սոցիալական ցանցում հրապարակված իր ելույթում Զելենսկին նշել է, որ առաջիկա տարում ռազմական ծախսերը հասնելու են 155 միլիարդ եվրոյի․ «Մենք ձեր կողմից առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցության կարիքն ունենք։ Սա իրատեսական գումար է, և ես խնդրում եմ գտնել այդ միջոցները, որոնք կօգնեն մեզ զսպել Ռուսաստանին»։

Եվրոպացի առաջնորդները ընդունել են, որ եթե 2026 թվականի աջակցությունն ապահովված է, ապա 2027 թվականի ֆինանսավորումը միայն մասամբ է ծածկված։ Եվրոմիությունը 2026-2027 թվականների համար նախատեսել է 90 միլիարդ եվրոյի վարկ, որից 45 միլիարդը հատկացվելու է եկող տարի։ Սակայն այդ գումարը բավարար չէ, և ԵՄ-ն փնտրում է նոր աղբյուրներ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Եվրոպան ստիպված կլինի կրկին ավելացնել ֆինանսավորումը՝ Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում աջակցելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում