Մասշտաբային հրդեհներ Կալիֆոռնիայում․ տարհանվել են հազարավոր բնակիչներ, կան ավերածություններ
Կարդացեք նաև
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում շարունակվում են լայնամասշտաբ անտառային ու տափաստանային հրդեհները, որոնց արագ տարածմանը նպաստում են ուժեղ քամիները և անոմալ բարձր ջերմաստիճանը։ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օրինջ շրջանում բռնկված «Norte Fire» հրդեհի հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է առնվազն վեց բնակելի տուն, իսկ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել շտապ տարհանվել։
Աղետալի հրդեհը բռնկվել է ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, Սան Կլեմենտե և Սան Հուան Կապիստրանո քաղաքների մերձակայքում։ Կրակը կարճ ժամանակում ընդգրկել է շուրջ 190 հեկտար տարածություն՝ հասնելով էլիտար բնակելի թաղամասերին։ Կրակի դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 500 հրշեջ․ նրանցից մեկը հոսպիտալացվել է ջերմային հարվածի հետևանքով։ Հրդեհի առաջացման հստակ պատճառները դեռևս պարզված չեն։
Իրավիճակը խիստ բարդացնում են «Սանտա Անա» կոչվող տաք ու չոր քամիները, որոնց պոռթկումները որոշ հատվածներում հասնում են 100 կմ/ժ արագության։ Նոր բռնկումներից խուսափելու նպատակով էներգետիկ ընկերությունները դիմել են էլեկտրաէներգիայի կանխարգելիչ անջատումների, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց հոսանքի։ Հրդեհի օջախներ են գրանցվել նաև Մալիբուի և «Քեմփ Փենդլթոն» ռազմաբազայի մոտակայքում, փակվել են թիվ 5 մայրուղու առանձին հատվածներ և մի շարք դպրոցներ։ Մեծերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ բարձր հրդեհավտանգությունը կպահպանվի առնվազն մինչև շաբաթ երեկո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում