Անտոնիու Գուտերեշն այցելել է Թումո Երևան․ COP17-ին ընդառաջ կայացել է հանդիպում երիտասարդների հետ
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բացմանն ընդառաջ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդունել է ՄԱԿ-ի (United Nations) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակությանը։ Այցին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարության ներկայացուցիչները։
Բարձրաստիճան հյուրերին Թումո Երևանի շենքում դիմավորել է կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Շրջայցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մանրամասն ծանոթացել է Թումոյի նորարարական կրթական մոդելին, իրականացվող ծրագրերին ու ուսանողական նախագծերին։
Այցելության ավարտին կազմակերպվել է բովանդակալից քննարկում երիտասարդների հետ՝ կենսաբազմազանության և կայուն զարգացման թեմաներով։ Հանդիպմանը մասնակցել են Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները, UN Country Team-ի, Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF), ինչպես նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ՀԿ-ների դաշինքի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Թումոյի թիմն իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի պատվիրակությանը այցի և արդյունավետ երկխոսության համար, որը կարևոր խթան է հաջորդ սերնդի հզորացման գործում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում