Թեհրանը հերքում է Սաուդյան Արաբիային հարվածելու մեղադրանքները․ Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Թեհրանը հերքում է Սաուդյան Արաբիային հարվածելու մեղադրանքները․ Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղաեին, ուրբաթ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սաուդա-յեմենյան հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշմանը, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային մոտեցումը՝ հարցերը դիվանագիտության միջոցով լուծելու և երկու կողմերի միջև երկխոսություն հաստատելու անհրաժեշտության մասին։ Նա հավելել է, որ Իրանը միշտ պատրաստ է եղել ներդնել իր առավելագույն ջանքերը հակամարտություններին վերջ տալու համար և շարունակում է պատրաստակամ մնալ օգտագործելու իր ողջ պոտենցիալն այդ նպատակին հասնելու համար։

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև հակամարտության պատմությանը՝ Բաղաեին նշել է, որ վերջին 12 տարիների զարգացումները ցույց են տվել, որ արտաքին միջամտությունը, ռազմական մոտեցումը և շրջափակումը Եմենի ճգնաժամի լուծում չեն հանդիսանում։ Ավելի քան մեկ տասնամյակ Եմենի ժողովուրդը դիմակայել է ծովային և օդային շրջափակմանը՝ օրինակելի համբերությամբ կրելով տարածաշրջանից դուրս գտնվող դերակատարների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված այս անարդար պաշարման հետևանքները։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ տարածաշրջանի և իսլամական աշխարհի երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այս իրավիճակին վերջ տալու համար։

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության պաշտոնյայի այն պնդումը, թե Իրանը խրախուսել է եմենցիներին հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա, ԱԳՆ խոսնակը կտրականապես հերքել է եմենյան գործողություններում Իրանի որևէ ներգրավվածություն։ Նա ընդգծել է, որ Եմենում իրավիճակի կարգավորումը պահանջում է հարգանք երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ներքին գործերին ցանկացած միջամտության դադարեցում և, ամենակարևորը, երկրի վրայից օդային ու ծովային շրջափակման վերացում։ Բաղաեին հավելել է, որ Եմենի զինված ուժերը գործում են սեփական շահերից ու գնահատականներից ելնելով, և նման պնդումները վստահելի չեն Իրանի և նրա դաշնակիցների հարաբերություններին ծանոթ մարդկանց համար, թեև Իրանը լարվածության էսկալացիան որևէ մեկի շահերից բխող չի համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում