Ադրբեջանը 235 միլիոն դոլարի զենք է գնում Իսրայելից․ Elbit Systems-ի նոր գործարքի մանրամասները

Ադրբեջանը 235 միլիոն դոլարի զենք է գնում Իսրայելից․ Elbit Systems-ի նոր գործարքի մանրամասները

Իսրայելական պաշտպանական հսկա Elbit Systems ընկերությունը հայտարարել է մոտ 235 միլիոն դոլար արժողությամբ խոշոր պայմանագրի կնքման մասին, որի շրջանակում մատակարարվելու են PULS տեսակի հրթիռահրետանային համակարգեր և EXTRA-MR (Medium Range) բարձր ճշգրտության ուղղորդվող հրթիռներ։ Գործարքն իրականացվում է Իսրայելի պաշտպանության նախարարության և պատվիրատու պետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում, իսկ պայմանագրի իրագործման ժամկետը սահմանված է երեք տարի։ Բացի հրթիռներից ու արձակման կայանքներից, պայմանագիրը ներառում է նաև հրթիռային լրացուցիչ հարթակներ և ինտեգրված լոգիստիկ աջակցություն։ Չնայած Elbit-ը պաշտոնապես չի հայտնել պատվիրատու երկրի անունը, մատակարարվող քանակությունն ու ժամանակացույցը, «Globes» պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ երկիրը Ադրբեջանն է։  Ադրբեջանն ավելի վաղ արդեն իսկ ձեռք էր բերել այս տիպի իսրայելական համակարգեր և դրանք պաշտոնապես ցուցադրել էր 2025 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած զինվորական շքերթի ընթացքում։ Այն ժամանակ առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին Elbit Systems-ի PULS մոդուլային համազարկային կրակի համակարգերը՝ տարբեր տեսակի զինամթերքով, այդ թվում՝ 122 մմ ACCULAR կառավարվող հրթիռներով, 306 մմ EXTRA գերձայնային հրթիռներով, մինչև 300 կմ հեռահարություն ունեցող 370 մմ Predator Hawk բարձր ճշգրտության օպերատիվ-տակտիկական հրթիռներով, ինչպես նաև SkyStriker տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Նոր՝ 235 միլիոն դոլարի պայմանագիրը հատկապես վերաբերում է EXTRA-MR (միջին հեռահարության, մինչև 80 կմ կամ 50 մղոն) փոփոխակի մատակարարմանը, որը նախատեսված է ավելի մոտ տարածությունների վրա գտնվող կարևորագույն թիրախներին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար և կարող է աշխատել բանակում արդեն իսկ կիրառվող հրամանատարական ու կառավարման համակարգերի հետ։  PULS (Precise and Universal Launching System) համակարգը բեռնատարի վրա տեղադրված արձակման կայանք է, որն ունի երկու փոխարինելի կոնտեյներ։ Սա թույլ է տալիս նույն մեքենայից արձակել տարբեր զինամթերքներ․ 35-ից 40 կմ հեռահարությամբ 122 մմ և 160 մմ ACCULAR հրթիռներ, մինչև 150 կմ հեռահարությամբ լիաչափ EXTRA հրթիռներ կամ մինչև 300 կմ հեռահարությամբ Predator Hawk հրթիռներ։ Համակարգն ունի բաց ճարտարապետություն, ինչը թույլ է տալիս այն տեղադրել ինչպես անվավոր, այնպես էլ թրթուրավոր տարբեր հարթակների վրա՝ զգալիորեն նվազեցնելով շահագործման ու ուսուցման ծախսերը։ Այն դարձել է ամերիկյան HIMARS համակարգի գլխավոր մրցակիցներից մեկը Եվրոպայում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդեռլանդները 305 միլիոն դոլարի 5-ամյա պայմանագրով պատվիրել էր 20 միավոր PULS համակարգ՝ COMMIT հարթակի վրա, ներառյալ հրթիռներ, ուսուցում և սպասարկում։ Elbit Systems-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բեզալել (Բուցի) Մախլիսը շնորհակալություն էր հայտնել Իսրայելի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարություններին այս պատմական համաձայնագրի համար՝ ընդգծելով, որ PULS լուծումը մեծացնում է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողությունների արդյունավետությունն ու վկայում ընկերության առաջատար ռազմական տեխնոլոգիաների բարձր որակի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում