Booking.com-ին խոշոր տուգանք է սպառնում․ Եվրոհանձնաժողովի բացահայտումը

Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել հյուրանոցների ամրագրման Booking.com հարթակի նկատմամբ։ Բրյուսելում կասկածում են, որ ընկերությունը պատշաճ միջոցներ չի ձեռնարկում կեղծ հայտարարությունների, ֆիշինգային սխեմաների դեմ պայքարելու և սպառողների անձնական տվյալները պաշտպանելու ուղղությամբ։

Եվրոհանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերով փոխնախագահ Հեննա Վիրկունենը հայտարարել է, որ եվրոպացիները պետք է հանգիստն ամրագրեն առանց խարդախությունների զոհ դառնալու վախի։ Բացի այդ, ստուգվում է նաև որոնման արդյունքներում վճարովի առաջխաղացված հայտարարությունները որպես գովազդ չմակնշելու հանգամանքը։

Սա Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) շրջանակում Booking.com-ի դեմ հարուցված առաջին գործն է։ Խախտումները հաստատվելու դեպքում ընկերությանը սպառնում է տուգանք՝ տարեկան համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի չափով։ Booking.com-ից հայտնել են, որ լիովին համագործակցում են քննության հետ, իսկ օգտատերերի անվտանգությունն ու տվյալների պաշտպանությունը իրենց համար առաջնահերթություն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում