Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ի, Հայաստանի հարևան Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին
Կարդացեք նաև
Ուկրաինան ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել խաղաղ կարգավորման հարցով Վաշինգտոնի, Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու՝ Ռուսաստանի պատրաստակամության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ամերիկյան կողմն առաջարկում է դա անել որքան հնարավոր է շուտ, մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը։ Ես չգիտեմ այդ հանդիպման վերջնական ժամկետները։ Օրակարգն է՝ վերջ դնել պատերազմին, մոտեցնել խաղաղությունը և ամեն ինչ նախապատրաստել ղեկավարների մակարդակով հանդիպման համար»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ ուկրաինացի բանակցողները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որպեսզի մոտեցնեն հակամարտության ավարտը։ Ակնկալվում է, որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա ոչ ուշ, քան նոյեմբերի սկզբին։
«Մենք աջակցելու ենք ինչպես կրակի դադարեցման, այնպես էլ պատերազմի ավարտի, էներգետիկ ոլորտում զինադադարի, ցանկացած հումանիտար նախաձեռնության, գերիների վերադարձի վերաբերյալ առաջարկներին։ Այս բոլոր բանակցությունների գլխավոր նախաձեռնությունն ու գլխավոր պոզիտիվ ազդակը որքան հնարավոր է շուտ հանդիպելն ու աշխատանքը սկսելն է»,- ընդգծել է նա։
Զելենսկին շեշտել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է նաև համաձայնեցնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը, որին, նրա համոզմամբ, պետք է մասնակցեն նաև Եվրոպայի ներկայացուցիչները։
«Դա մեզ համար կարևոր է, որովհետև որևէ ձեռք բերված համաձայնության օրակարգը վերաբերելու է և՛ անվտանգության երաշխիքներին, և՛ պատերազմի ավարտից հետո մեր պետության վերականգնման պլանին, և՛ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտի ու եվրոպական աջակցության հետ կապված այլ հարցերի։ Այսինքն՝ այս բոլոր հարցերը մենք քննարկել ենք գործընկերների հետ»,- հավելել է Զելենսկին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում