Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է, կա 11 վիրավոր
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում կողաշրջվել է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոններ, որոնց մի մասը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մյուս մասը՝ «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցներում։ Տուժածներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ղեկավար կազմը և պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի, ավտոբուսի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ բոլոր վիրավորները օտարերկրյա քաղաքացիներ են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ վիճակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում