ԱՄՆ-ում վառվել են Սպիտակ տան առջեւ տեղադրված Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վառել է Սպիտակ տան առջեւ տեղադրված Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը: Ավանդույթի համաձայն՝ նրա հետ միասին արարողությանը մասնակցել է նրա ընտանիքը՝ առաջին տիկին Միշել Օբաման եւ նրանց դուստրերը՝ Մալիան եւ Սաշան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Արարողության սկսվելուց առաջ հավաքվածների առջեւ երգչուհի Պատի Լա Բելը կատարել է «Տարվա լավագույն ժամանակը» երգը: Այս տարի տոնը վարելու պատվին արժանացել Էին օսկարակիր դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի եւ երգչուհի Ռիտա Ուիլսոնը: Երաժշտական մասն ապահովել է Ծովային հետեւակի կորպուսի գործիքային անսամբլը:

Երկրի առաջին զույգը իրեն սպասեցնել չի տվել. Օբաման ընտանիքի հետ բեմահարթակ է բարձրացել ճիշտ ժամանակին: Նա նաեւ չի սկսել երկար ճառեր արտասանել: «Սկսենք հաշվարկը հինգից… հինգ, չորս, երեք, երկու, մեկ»,- ասել է նախագահը, ինչից հետո եղեւնու վրա վառվել են կանաչ ու կարմիր լույսերը: Դրանից հետո սկսվել է համերգը, հյուրերին զվարճացրել են էստրադային հայտնի կատարողները:

Սպիտակ տան մոտ երկրի գլխավոր Սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ավանդույթի սկիզբը դրվել Է դեռ 1923 թվականին ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Ջոն Կալվին Կուլիջի կողմից, եւ այն ժամանակվանից ոչ մի անգամ չի խախտվել: Ներկայիս արարողությունը դարձել է 92-րդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում