Բուդապեշտի դատարանը կալանավորել է Վիկտոր Օրբանի եղբորը՝ Աարոն Օրբանին

Բուդապեշտի դատարանը կալանավորել է Վիկտոր Օրբանի եղբորը՝ Աարոն Օրբանին

Բուդապեշտի դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբայրը՝ Աարոն Օրբանը, որը կասկածվում է ապօրինի միգրացիա կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում են մայրաքաղաքային դատարանից։

Ինչպես դեռ երկուշաբթի գրել էր Kontroll.hu կայքը, նախկին վարչապետի եղբայրը ձերբակալվել էր Ակտիվների վերադարձման ու պաշտպանության ազգային վարչության և Ազգային քննչական բյուրոյի համատեղ օպերացիայի արդյունքում։ Դատարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ կալանավորման միջնորդությունը ներկայացրել էր դատախազությունը՝ հիմք ընդունելով Օրբանի և նրա հանցակիցների դեմ հարուցված քրեական գործը։

Բացի Աարոն Օրբանից, գործով անցնող ևս մեկ անձ նույնպես կալանավորվել է մեկ ամսով, իսկ մյուս կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քառամսյա տնային կալանքը։ Դատախազությունն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ մեղադրյալները կարող են դիմել փախուստի կամ խոչընդոտել ապացույցների ձեռքբերմանը։

Դատական նիստից հետո Աարոն Օրբանի փաստաբան Էդիտ Էվան Telex պարբերականին վստահեցրել է, որ նման խիստ խափանման միջոցի կիրառումն արդարացնող որևէ հիմնավոր ապացույց չկա։

Հատկանշական է, որ ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցությունն ավելի վաղ իր կայքի «Քաղաքական բանտարկյալներ» բաժնում հրապարակել էր նախկին վարչապետի եղբոր լուսանկարը։ Ինքը՝ Վիկտոր Օրբանը, պնդում է, թե այս քրեական հետապնդման հիմնական նպատակը քաղաքական հակառակորդներին ասպարեզից հեռացնելն ու Հունգարիայում միակուսակցական համակարգ հաստատելն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում