Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»
Կարդացեք նաև
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական օրակարգում սուր քննարկումների առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ կապված նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացի հետ։
Առաջարկի առանցքն այն է, որ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը՝ մասնավորապես վեց պատգամավորի ձայն։ Այդ աջակցության դիմաց Փաշինյանը ներկայացնում է երկու հնարավոր սցենար. եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը «ոչ» ասի Սահմանադրության նախագծին, ապա ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, իսկ եթե ժողովուրդը «այո» ասի, ապա ինքը գործընթացը կհասցնի ավարտին և հետագա ընտրություններին այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։
Իրականում այս առաջարկը քաղաքական գործարքի փորձ է, որը միտված է ընդդիմության ձայներով հանրաքվեի անցկացման իրավական արգելքը հաղթահարելուն։ Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ Փաշինյանը լիովին անկեղծ է և ցանկացած ելքի դեպքում ճշգրտորեն կատարելու է իր խոստումը, դա բոլորովին չի նշանակում իշխանափոխություն։ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգում գործադիր իշխանության ձևավորումն ուղղակիորեն կախված է Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունից։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ չառաջադրվի, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանի խորհրդարանական մեծամասնությունը, ապա նոր վարչապետին ընտրելու իրավունքը մնալու է նույն քաղաքական ուժին։
Նման պայմաններում տեղի կունենա միայն պաշտոնատար անձի ձևական փոխատեղում, մինչդեռ իշխող կուսակցությունը, նրա քաղաքական կուրսը և կուսակցության առաջնորդի ազդեցության լծակները կմնան անփոփոխ։ Փաշինյանը խոսում է միայն իր հեռանալու, այլ ոչ թե իր ղեկավարած թիմի՝ իշխանական լծակներից հրաժարվելու մասին։ Լինելով իշխող կուսակցության առաջնորդ՝ նա կարող է պահպանել լիարժեք քաղաքական վերահսկողություն նոր ընտրված վարչապետի և կառավարության վրա՝ փաստացի շարունակելով ղեկավարել երկիրը, բայց ազատվելով ուղղակի պաշտոնեական պատասխանատվությունից։
Այսպիսով, սա ընդդիմությանն ուղղված հերթական քաղաքական խայծն է, որով փորձ է արվում համակարգային խնդիրը ներկայացնել որպես մեկ անձի հարց։ Առանց խորհրդարանական մեծամասնության փոփոխության՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը կտա ոչ թե ամբողջական իշխանափոխություն, այլ նույն քաղաքական թիմի վերարտադրությունն ու կառավարման շարունակականությունը նոր վարչապետի դեմքով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում