Հրապարակվել է զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և վերադարձի խոչընդոտների մասին

Հրապարակվել է զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և վերադարձի խոչընդոտների մասին

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ հրապարակվել է փաստահավաք զեկույց, որն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի խոչընդոտներին։ Զեկույցի համահեղինակների թվում են Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իսկ աշխատանքն իրականացվել է «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» և «Սատար Արցախին» ֆրանսահայ կազմակերպության աջակցությամբ։

Զեկույցում արձանագրվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շարունակվում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Հեղինակների գնահատմամբ՝ Ադրբեջանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքը՝ ոչնչացնելով բնակավայրերն ու մշակութային միջավայրը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի իրականացրած այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական բնակավայրերի ապօրինի վերաբնակեցման գործընթացին և դրա հետևանքներին։

Փաստաթղթում շեշտվում է, որ նշված խախտումներն ու հանցագործությունները տեղի են ունենում ոչ միայն միջազգային իրավունքի նորմերի, այլև արցախցիների իրավունքների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագույն խախտումներով։ Հեղինակ կազմակերպությունները միջազգային հանրությանը և իրավասու կառույցներին կոչ են անում անհապաղ և գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու հայկական ժառանգության ու սեփականության հետագա ոչնչացումը, ապահովելու դրա պահպանությունն ու հասանելիությունը, ինչպես նաև պաշտպանելու արցախցիների՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու իրավունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում