Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը․ «Ժողովուրդ»

Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը նկատել է ուշագրավ դրվագ. դատավոր Արման Հովհաննիսյանը, որը հանրային ընկալման մեջ համարվում է սկզբունքային դատավորներից մեկը, երիտասարդների հետ հանդիպման է մասնակցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողք կողքի քննարկվել են իրավաբանությանը, օրենքին և իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցեր։ Առաջին հայացքից՝ սովորական մասնագիտական քննարկում։ Սակայն այստեղ կա մի ուշագրավ հանգամանք, որը չի կարող աննկատ մնալ։

Մի կողմում դատավոր Արման Հովհաննիսյանն է՝ դատական համակարգի ներկայացուցիչ, որի գործունեությունից հանրությունը ակնկալում է անկախություն, անաչառություն և սկզբունքայնություն։ Մյուս կողմում՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման շրջանի վերաբերյալ գոնե մասնագիտական հանրության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվել են հարցեր քրեական հետապնդումների հիմնավորվածության, դատախազության կողմից քաղաքական քմահաճույքներով վարույթներ հարուցելու և արդարադատության իրական երաշխիքների վերաբերյալ։

Իսկ դատավորի պաշտոնը ենթադրում է ոչ միայն օրենքի տառին հետևելու, այլև հանրության վստահությունը վաստակելու և պահպանելու ունակություն։ Իսկ այդ վստահությունը երբեմն կախված է նաև այն միջավայրից, որի հետ դատավորը ներկայանում է երիտասարդներին։ Արդյոք Արման Հովհաննիսյանը գիտակցո՞ւմ է, թե ինչպիսի հանրային ուղերձ է հղում՝ Արթուր Դավթյանի հետ նույն հարթակում իրավունքի և արդարադատության մասին խոսելով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում