39 միլիոն զոհ և վտանգված բժշկություն. ինչու է մարդկությունը կորցնում հակաբիոտիկների դեմ պայքարը

39 միլիոն զոհ և վտանգված բժշկություն. ինչու է մարդկությունը կորցնում հակաբիոտիկների դեմ պայքարը

Առաջիկա 25 տարվա ընթացքում հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականությունը կարող է խլել մինչև 39 միլիոն մարդու կյանք։ Այս մասին նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հակամանրէային դեղամիջոցների դիմադրողականության դեպարտամենտի տնօրեն Ժան-Պիեռ Նիեմազին։ Թեև ԱՀԿ անդամ երկրները նպատակ են դրել մինչև 2030 թվականը այդ ցուցանիշից մահացությունը նվազեցնել 10 տոկոսով, Նիեմազիի խոսքով՝ ներկա միտումները, ներդրումների ծավալներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ մարդկությունը ճիշտ ուղղությամբ չի շարժվում։

Եթե հակաբիոտիկները կորցնեն իրենց արդյունավետությունը, աշխարհը կհայտնվի մի իրավիճակում, երբ անգամ չնչին վարակները մահացու վտանգ կներկայացնեն։ Գիսենի Յուստուս Լիբիխի անվան համալսարանի բժշկական մանրէաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ջան Իմիրզալիօղլուն DW-ին տված մեկնաբանության մեջ ընդգծել է, որ նման զարգացման դեպքում ժամանակակից բժշկությունն այն տեսքով, ինչպիսին գիտենք այսօր, պարզապես անհնար կդառնա։ Նրա խոսքով՝ բուժական պրակտիկայում այդ դեղամիջոցները պետք է կիրառել հնարավորինս խնայողաբար և հստակ նպատակային՝ հիմնվելով ճշգրիտ ու արագ ախտորոշման վրա։ Մասնագետը նկատել է նաև, որ Գերմանիայում հակաբիոտիկները հաճախ նշանակվում են շնչառական կամ միզուղիների վարակների դեպքում, մինչդեռ դրանք ազդում են միայն բակտերիաների վրա և բոլորովին անզոր են վիրուսային վարակների դեմ։

Խնդիրը սահմանափակվում է ոչ միայն կլինիկաներով ու հիվանդանոցներով։ Իմիրզալիօղլուն «Մեկ առողջություն» հայեցակարգի համատեքստում բացատրում է, որ մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը փոխկապակցված են։ Հակաբիոտիկների չարաշահումը վնասում է աղիքային միկրոբիոմը՝ խախտելով մարսողության, նյութափոխանակության և իմունային համակարգի համար կենսական բակտերիաների հավասարակշռությունը։ Թուլացած միկրոֆլորայի պայմաններում կայուն հարուցիչները կարող են աննկատ բազմանալ մարդու օրգանիզմում և դուրս գալ արտաքին միջավայր՝ զուգարանակոնքերի ու լվացարանների միջոցով հայտնվելով կոյաջրերում, իսկ այնտեղից էլ՝ ծովերում, որտեղ դրանք կարող են փոխանցվել, օրինակ, վայրի թռչուններին։

Այդ ուղիներից մեկը՝ Բալթիկ ծովի շրջանում, հետազոտել է Հելմհոլցի անվան «Մեկ առողջություն» ինստիտուտի անասնաբույժ և մանրէաբան Կատարինա Շաուֆլերը։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս պատկերը ձևավորվել է ոչ միայն մարդկանց կողմից դեղերի տևական կիրառման, այլև անասնաբուժության մեջ դրանց չափազանց լայն գործածման հետևանքով։ Թեև Եվրամիությունում 2006 թվականից արգելվել է հակաբիոտիկները կենդանիների կերերում օգտագործել որպես աճի խթանիչ, արդյունաբերական անասնաբուծության պայմաններում՝ մեծ թվով կենդանիների խիտ պահվածքի հետևանքով, վարակներն ու վնասվածքներն արագ են տարածվում բարձր բակտերիալ ծանրաբեռնվածության պայմաններում։ Գոմաղբի և օրգանական պարարտանյութերի միջոցով կայուն բակտերիաներն ընկնում են հողի ու բույսերի վրա և, ինչպես նշում է Շաուֆլերը, կարող են պահպանվել անգամ գլուխ հազարի վրա կամ պարբերաբար հայտնաբերվել մսամթերքում։

Երկու մասնագետներն էլ փաստում են, որ մեկ երկրի ներսում ձեռնարկվող քայլերով խնդիրը հաղթահարել հնարավոր չէ, քանի որ շատ երկրներում հակաբիոտիկները դեռևս սովորաբար ավելացնում են կենդանիների կերերին, իսկ մի շարք պետություններում դրանք վաճառվում են առանց դեղատոմսի։ Միաժամանակ, պրոֆեսոր Իմիրզալիօղլուն, ով ներգրավված է Միջին Հեսսենում կոյաջրերի մոնիթորինգի միջոցով բակտերիալ բռնկումների կանխարգելմանն ուղղված GUARDIAN նախագծում և խորհրդատվություն է տալիս ԵՄ մակարդակի ցանցին, նկատում է, որ փորձագիտական լավ գաղափարները քաղաքական մակարդակում հաճախ սահմանափակվում կամ դանդաղեցվում են հենց սկզբում։ Հենց այդ պատճառով էլ ԱՀԿ ներկայացուցիչ Ժան-Պիեռ Նիեմազին դիմում է յուրաքանչյուր քաղաքացու՝ ընդգծելով, որ ռիսկի նվազեցումը նշանակում է վարակների կանխարգելում՝ հիգիենայի կանոնների պահպանմամբ, ժամանակին պատվաստումներով, բժշկին դիմելով և դեղերը խիստ նշանակման համաձայն ընդունելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում