Ադրբեջանը հայտնում է եւս մեկ զոհի եւ վիրավորների մասին

Ադրբեջանը սկսել է հայտնել իր կողմից կատարված դիվերսիոն գործողության արդյունքում կորուստների մասին` չնշելով դրա իրական պատճառը եւ միջադեպը ներկայացնելով որպես տարբեր ժամնակներում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով SalamNews լրատվական գործակալությունը, Աղստաֆայի շրջանում ադրբեջանական բանակի 4 զինծառայողներ մոտ ժամը 18-ին, «Աղստաֆա-Սադըխլը ավտոմոբիլային ճանապարհի Սալօղլու ավանի մոտ ՃՏՊ-ի են ենթարկվել, որի արդյունքում նրանցից 3-ը վիրավորվել են»: Նշվում է, որ «Մերսեդես» ավտոմեքենան, որը վարում էր Բիլասուվարից Աղաջաֆար Մամեդ օղլու Նուրիեւը, կորցրել է կառավարումը եւ շրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող, Մինգեչաուրից 23-ամյա Իլգար Հասանովը, Ֆիզուլիից` Խալադդին Ռուստամովը եւ Աղստաֆայից, 28-ամյա Էլշան Ալլահմանովը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղստաֆայի շրջանի կենտրոնական հիվանդանոց:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունն էլ հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ ավտոմեքենայով ականի վրա պայթել են Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ: Արտակարգ պատահարի արդյունքում ստացած վերքերից մահացել է Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղից զինծառայող, երկու երեխաների 35-ամյա հայր Գոշգար Գուրբանովը: Նույն շրջանի Խանըգլար գյուղից զինծառայող Էշգին Շահբալիեւը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստի առնչությամբ դեռեւս լռություն է պահպանում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ժամանակին չի հրապարակում բանակում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերի մասին` փորձելով կոծկել դրանք:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 85 զինծառայող, 121 զինծառայողներ էր վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում