Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել.Շտայնմայեր

ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ով  երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում, այն կարծիքին է, որ Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել:

«Մեր հարաբերություններն երբեք այսքան սերտ չեն եղել: Մենք սերտորեն համագործակցում ենք կրթության ոլորտում: Վրաստանից Գերմանիայում սովորում է ավելի քան 2800 ուսանող, ինչն ինձ շատ է ուրախացնում: Դրա հետ մեկտեղ մենք գործակցում ենք այլ հարցերում, օրինակ, ISAF ծրագրի շրջանակներում. վրացի զինվորականները պատրաստություն են անցնում գերմանացի հրահանգիչների ղեկավարությամբ: Շատ կարևոր նշանակություն ունի Ասոցացման մասին համաձայնագիրը, որը Վրաստանը մոտեցնում է Եվրամիությանը»,- հայտարարել է Շտայնմայերը Վրաստանի իր պաշտոնակից Թամար Բերուչաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նախարարները հայտնել են, որ 2017 թվականը հայտարարված է Գերմանիայի և Վրաստանի բարեկամության տարի: Ինչպես ասել է Բերուչաշվիլին, այդ իրադարձությունը Վրաստանը և Գերմանիան միասին կնշեն:
«Հուսով եմ, որ մինչ այդ մենք կունենանք լավ արդյունքներ,և  տոնը միասին կնշենք: Մենք ջանքեր չենք խնայում որոշակի արդյունքների հասնելու համար»,- հավելել է Բերուչաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում