Ադրբեջանը կրկին ԵԽ-ի քննադատությունների թիրախում է

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայլովային: 

 Յագլանդը մտահոգություն է հայտնել լրագրողին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշման առնչությամբ: «Ձերբակալության կարիք չկար: Սա Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը և միջազգային հանրությանն ուղղված վատ ուղերձ էր: Սա ցույց է տալիս, թե ինչ ծանր պայմաններում են գտնվում երկրի անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունը: Այն հակասում է  Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին»,- նշել է Յագլանդը: Նա կոչ է արել անմիջապես ազատ արձակել Իսմայիլովային:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամսով: Ադրբեջանական արդարադատությունը նրան մեղադրում է զրպարտության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում