Ս.Նարիշկինը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանց ուղեկցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, բարձրաստիճան հյուրը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության նահատակների հիշատակը:

Սերգեյ Նարիշկինը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել նախորդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիրը փաստող ցուցանմուշներին: Այնուհետեւ նա գրառում է թողել Գրառումների մատյանում, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ցեղասպաությունը ողբերգություն է, որը բաժին է ընկել Ձեր երկրին: Համոզված եմ, որ հայ ժողովրդի տոկունությունը, արիությունը եւ իմաստնությունը միշտ կծառայեն Հայաստանի խաղաղ զարգացմանը եւ բարգավաճմանը»:

Այնուհետև Նարիշկինը «Հիշողությունների պուրակ»-ում տնկել է խորհրդանշական եղևնի:

Հիշեցնենք, որ Ս.Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը այսօր կհանդիպի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ և հանդես կգա ելույթով: Իսկ վերջում Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում