Georgian Airways ընկերությունը դադարեցնում է թռիչքները Ռուսաստան

Georgian Airways ընկերությունը դադարեցնում է թռիչքները Ռուսաստան

Georgian Airways վրացական ավիաընկերությունն իր աշխատակիցների գործադուլի պատճառով դադարեցնում է չվերթները Ռուսաստան:

Գործադուլ է հայտարարել ավիաընկերության թռիչքային ու տեխնիկական անձնակազմը: Աշխատակիցները դեմ են Վրաստանի իշխանությունների որոշմանը, որով ռուսական ավիափոխադրողներին թույլատրվում է առաջնային կարգով չվերթներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Թբիլիսիի և Մոսկվայի միջև ավիահաղորդակցության վերականգնումից հետո կանոնավոր չվերթներ են իրականացնում երեք ավիաընկերություններ, որոնցից երկուսը՝ «Սիբիրը» և «Աերոֆլոտը», ռուսական են, իսկ մեկը՝ «Այրզենան»՝ վրացական:

Ներկայում վրացական կողմը շաբաթական իրականացնում է ութ չվերթ այն դեպքում, երբ ռուսական կողմի չվերթների թիվը հասնում է 10-ի, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի տնօրեն Գուրամ Ջալոգոնիան դեռևս մեկ շաբաթ առաջ հնարավոր էր համարել  չվերթների կասեցումն այն բանից հետո, երբ «Georgian Airways»-ի գլխավոր տնօրեն Իյասա Զաուտաշվիլին հայտարարեց, որ «Աէրոֆլոտի» շուկա մտնելուց հետո նրա իրականացրած ուղղություններով չվթերթների արժեքները նվազել են:

«Արդեն նոյեմբերի 10-ից մեզ մոտ ուղևորների հոսքի կտրուկ նվազում նկատվեց` մոտավորապես 60–70%: Եթե մոտ ժամանակներս երկրի ավիաշուակայի գործունեությունը չկարգավորվի, ապա մենք ստիպված կլինենք այդ ուղղություններով դադարեցնել չվերթների իրականացումը», – Ինտերֆաքսի հետ զրույցում նշել է Զաուտաշվիլին:

«Աէրոֆլոտը» դեպի Վրաստան կանոնավոր թռիչքները սկսել է հոկտեմբերի վերջից: Մինչ այդ քաղաքական հարաբերությունների պատճառով Մոսկվայի և Թբիլիսիի միջև իրականացվում էին միայն չարտերային թռիչքներ: Սկզբում երկու երկրների ավիաընկերություններին թույլ տրվեց անսահմանափակ թվով չվերթներ իրականացնելու հնարավորություն, սակայն ներկայումս վրացական իշխանությունները ձգտում են չվերթուղղությոնների վրա վերահսկողություն սահմանել:

Ի դեպ, վրացական իշխանությունների մտահոգությունը հիմնվում է նաև Հայաստանի օրինակի վրա, երբ Հայաստանի վարած լիբերալ օդային քաղաքականության հետևանքով տեղական և եվրոպական ընկերությունները չդիմացան մրցակցությանը` դիրքերը զիջելով ռուսական ավիաընկերություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում