Լեւոն Հայրապետյանը դատարան չի ներկայացել, նա հիվանդանոցում Է

Լեւոն Հայրապետյանը դատարան չի ներկայացել, նա հիվանդանոցում Է

Գործարար Լեւոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմանյան դատարան՝ մասնակցելու իր տնային կալանքի ժամկետի երկարացման շուրջ նիստին: Դատարանում հայտնի Է դարձել, որ նա գտնվում Է հիվանդանոցում: Դատապաշտպանի խոսքով՝ Հայրապետյանը հոսպիտալացվել Է միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ: Այդ հիվանդությունը, փաստաբանի պնդմամբ, այն հիվանդությունների ցանկում Է, որոնք արգելում են մեղադրյալի գտնվելը հետաքննչական մեկուսարանում:

Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բացարկ Է հայտարարել Մոսկվայի Բասմանյան դատարանի դատավոր Արթուր Կարպովին:

Փաստաբանների կարծիքով՝ դատավորն ավելի վաղ անօրինական որոշումներ Է կայացրել՝ կապված նրա կողմից Հայրապետյանի առողջական վիճակի անտեսման հետ: Բացի այդ, դատապաշտպանն այն կարծիքին Է, որ դատավորը մեղադրական միտում Է դրսեւորել՝ խախտելով կողմերի մրցակցության սկզբունքը:

Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վաճառքի գործով վատնումների եւ դրամական միջոցների լվացման մեջ:

65-ամյա ձեռնարկատերը հուլիսի 15-ին ձերբակալվել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցայից: Հետաքննությունը պնդում Է, որ «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել են Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան: Իր հերթին, «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խումբ ԲԲԸ-ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված ունեցվածքի օրինականացումը:

Հայրապետյանը ձերբակալվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանն իբր 2009 թվականին մասնակցել է Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը «Սիստեմա»-ի կառույցներին վաճառելուն:

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանին կալանքի տակ էր դրել, բայց հոկտեմբերի 3-ին նրան փոխադրել էին տնային կալանքի՝ առողջական վիճակի կապակցությամբ: Գործարարը չի ընդունում մեղքը եւ մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում