Ջեն Պսակին կրկին քննադատել է Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար

Ջեն Պսակին կրկին քննադատել է Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար

Միացյալ Նահանգները շարունակում է պաշտոնական մակարդակով բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառի նկատմամբ դժգոհությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Պետդեպի խոսնակ Ջեն Պսակին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությանը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում և լրագրողների նկատմամբ աճող սահմանափակումների կապակցությամբ: Մենք շատ մտահոգված ենք Խադիջա Իսմայիլովայի նախադատական կալանավորմամբ: Մենք անհանգստանում ենք, որ պետությունը չի կատարում մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է Պսակին: Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքները և թույլ տալ ազատորեն արտահայտել իրենց հայացքները:

«Ադրբեջանը կկարողանա ապահովել իր կայունությունը, երբ ավելի ազատ հասարակություն ստեղծի»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակը` հերթական անգամ բարձրաձայնելով Ադրբեջանում մամուլի ազատության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում