Ստեփանակերտում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն է բացվել

Ստեփանակերտում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կենտրոնի աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպման դեպքում նոր որակ կհաղորդվի ամբողջ ծառայության գործունեությանը, արտակարգ իրավիճակների դեպքում գործող բոլոր ուժերի եւ միջոցների ընդհանուր կառավարմանն ու համակարգմանը, նման զարգացումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ու անձամբ նախարար Արմեն Երիցյանի մասնակցությունը կենտրոնի ստեղծման գործում եւ երախտագիտություն հայտնել Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում