Ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար ավելի շատ գումար կպահանջվի

Ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար ավելի շատ գումար կպահանջվի

Ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու գծով նախագծերում ներդրումները կհասնեն 45-48 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:

Ավելի վաղ խոսվում էր մինչեւ 45 մլրդ դոլարի մասին, եւ կայքը SOCAR-ի նախագահի այդ հայտարարությունը մեկնաբանել է այնպես, որ «Շահդենիզ 2» հանքահորի գազը Եվրոպա փոխադրելու Անդրադրիատիկ (TAP) և Անդրանատոլիական (TANAP) գազամուղ խողովակաշարերի նախագծերը թանկանում են, սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյունահանման ծավալների մասին է, թե ենթակառուցվածքներ ստեղծելու մասին:

Ենթակառուցվածքային ներդրումները նախատեսում են Հարավային Կովկասի գազային գծերն ընդլայնելու, TANAP և TAP գազային խողովակաշարերի շինարարության աշխատանքները: Դրանց մեջ ամենաթանկը TANAP-ն է, որում SOCAR-ի մասնաբաժինը կազմում է 58 տոկոս: Նախնական տեղեկություններով` TANAP-ի վրա պետք է ծախսվի 11,8 մլրդ դոլար:

Կայքին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 12-ին Կանադայի ներդրումային վարկային Export Development Canada (EDC) գործակալությունը SOCAR-ին 3,3 մլրդ դոլարի վարկ է հատկացրել: Գործակալության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ վարկը SOCAR-ի դուստր ձեռնարկությանը` Star Rafineri A.S. ընկերությանը հատկացվել է Թուրքիայում Star նավթաքիմիական համալիրի շինարարության համար:

Դրանից առաջ Star Rafineri համալիրի շինարարությունը վարկավորելու համար SOCAR-ը դիմել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին եւ մերժում ստացել: Նշվում է, որ EDC-ից ստացած վարկը SOCAR-ի կողմից մինչ այժմ արտասահմանից ստացած ամենամեծ վարկն է:-

Հետևեք մեզ նաև Telegram-ում