Ֆրանսիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել ադրբեջանցի լրագրողի ձերբակալության կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել ադրբեջանցի լրագրողի ձերբակալության կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անհանգստություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի, հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովայի դեկտեմբերի 5-ին Բաքվում «անձին ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով ձերբակալության առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարաածած հայտարարության մեջ ասվում է, որ այս տարվա մայիսին Բաքու կատարած այցին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Իսմայիլովայի հետ:

Ֆրանսիան Ադրբեջանի կառավարության մարմիններին կոչ է անում պաշտպանել ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, այդ թվում` մամուլի ազատության, իրավական համակարգի անկախության, պաշտպանվելու իրավունքի եւ անմեղության կանխավարկածի ապահովման ոլորտում:

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարում է, որ ուշադրությամբ հետեւելու է Խադիջա Իսմայիլովայի շուրջ իրավիճակին:

Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «Ազադլըգ» ռադիոկայանի եւ «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւի «ինքնասպանության փորձի դրդելու» հետ կապված հարուցված գործով: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի` օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը

Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրահանձննաժողովը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանների կորպորացիայի գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ

Հետևեք մեզ նաև Telegram-ում