Դրեզդենում կանցկացվի «Ընդդեմ Եվրոպայի իսլամացման» ակցիա

Դրեզդենում կանցկացվի «Ընդդեմ Եվրոպայի իսլամացման» ակցիա

Գերմանիայում գործող PEGIDA կազմակերպությունը, որը պայքարում է Եվրոպայում իսլամական բարքերի եւ մուսուլմանների թվի աճի դեմ, նախատեսում է Դրեզդենում երեկոյան բողոքի ակցիա անցկացնել` «Ընդդեմ Եվրոպայի իսլամացման» խորագրով»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, բողոքի ակցիային կմասնակցի 10.000 մարդ: PEGIDA-ի ընդդիմադիրները նույնպես նախատեսում են գիշերը երթ կազմակերպել` ի պաշտպանություն երկրում ապրող մահմեդականների շահերի:

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հակաիսլամական երթն անվանել է ամոթալի արարք, մինչդեռ «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնել նախատեսվող ակցիային: «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցության առաջնորդ Բերնդ Լյուկը հայտարարել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջների մեծամասնությունը տեղավորվում է օրենքի շրջանակում:

Կիրակի օրը Քյոլնում անցկացվել է ի պաշտպանություն մահմեդականների իրավունքի ակցիա «Դուք Քյոլնում եք, որտեղ նացիզմ չկա» խորագրով: Երթին մասնակցել է 15.000 մարդ:

Միգրացիայի հարցը Գերմանիայում համարվում է լուրջ խնդիր: Այս երկիրն ավելի շատ միգրանտներ է ընդունում, քան եվրոպական մնացած պետությունները: Այս տարի Գերմանիայից քաղաքացիություն է խնդրել 200.000 մարդ, նախորդ տարի քաղաքացիության համար Գերմանիան դիմում ստացել էր 127.000 միգրանտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում