Էրդողանը ԵՄ-ին հրահանգել է Թուրքիայի ներքին կյանքին չմիջամտել

Էրդողանը ԵՄ-ին հրահանգել է Թուրքիայի ներքին կյանքին չմիջամտել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության հասցեին  արհամարհական ելույթով է հանդես եկել,քանի որ ԵՄ-ի պաշտոնյանները քննադատել էին Էրդողանին ընդդիմադիր լրագրողներին ձերբակալելու համար:

«ԵՄ-ն պետք է իր գործերով զբաղվի և իր կարծիքն իրեն պահին»,- հայտարարել է Էրդողանը՝ հերքելով, որ երկրով մեկ ծայր առած ձերբակալությունները համատեղելի չեն եվրոպական արժեքների հետ:

Հիշեցնենք, որ նախորդ հանգստյան օրերին, Թուրքիայում ծայր է առել լրագրողների ձերբակալությունների նոր ալիք: Այդ լրագորղները մեղադրվում են գյուլենական շարժման հետ սերտ կապեր ունենալու մեջ:

Թուրքիայի իշխանությունների այդ գործողությունները դարձել են  միջազգային մի շարք կառույցների քննադատության առարկան: Մասնավորապես՝ իրենց ելույթում լրագրողների ձերբակալությունները դատապարտել են ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, Freedom House-ի ներկայացուցիչները:

ԵՄ-ի արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ նման պահվածքն անհամատեղելի է խոսքի ազատության և եվրոպական արժեքների հետ:

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետևորդներ:

Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների’ խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստորեն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և, հատկապես, Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում զգալիորեն նվազել էր:

Դրանից հետո Էրդողանը Գյուլենի շարժումը «զուգահեռ կառույց» էր անվանել: Նա հայտարարել էր, որ իր հակապետական գործունեությամբ այդ կառույցն ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված և ապօրինի կազմավորում, որի գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի վնասմանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում