Արտասահմանյան լրագրողները կհետազոտեն Ադրբեջանի նախագահի բիզնեսը. գերմանական թերթ

Արտասահմանյան լրագրողները կհետազոտեն Ադրբեջանի նախագահի բիզնեսը. գերմանական թերթ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, հետազոտող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը շարունակում է գտնվել միջազգային առաջատար մամուլի օրակարգում, որում անդրադարձ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակին եւ նշվում, որ այդ երկրում իսկական բռնապետություն է:

Մասնավորապես, գերմանական Tagesspiegel թերթը Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է Ստալինի բռնաճնշումների հետ: Թերթի` «Ադրբեջանում ամենախիզախ լրագրողը կալանված է» վերնագրով հոդվածում ասվում է, որ Խադիջա Իսմայիլովան հետազոտել է Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի բիզնեսը, բացահայտել նրանց կոռուպցիոն գործունեությունը, եւ հենց դրա համար հայտնվել մեկուսարանում:

«Խադիջա Իսմայիլովան բռնապետական Ադրբեջանում հետազոտություններ էր կատարում այլ լրագրողների համար տաբու հանդիսացող թեմաների շուրջ: Օրինակ, նա բացահայտել է, թե ինչպես է Իլհամ Ալիեւի ընտանիքը մեծ հարստության տեր դարձել: Խոսքը երկրում բջջային կապի ընկերությունների, հանքերի, խոշոր միջազգային միջոցառումների հետ կապված շինարարությունների մեջ մեծ մասնաբաժին ունենալու, օֆշորային գոտիներում հարյուրավոր միլիոն դոլարների հասնող անշարժ գույք ձեռք բերելու մասին է: 38-ամյա լրագրողը տեղեկություններ է հայտնել երկրում մեծ թվով քաղաքական բա նտարկյալներ լինելու մասին: Ինչպես երեւում է` Ադրբեջանի կառավարությունը իսկապես խիստ վախենում է այդ կնոջից եւ այն աշխատանքից, որ նա կատարում է, եւ այդ պատճառով էլ մեկուսացրել է նրան», -գրում է թերթը:

Գերմանական թերթը նշում է, որ աշխարհի բազմաթիվ երկրների լրագրողներ հայտնել են իրենց աջակցությունն ու համերաշխությունը Խադիջա Իսմայիլովային: «Նրանք հայտնել են, որ շարունակելու են Խադիջայի գործը, այդ թվում` Ադրբեջանի նախագահի ընտանիքի բիզնեսի հետազոտությունը», -գրել է Tagesspiegel-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում