Լեյլա Յունուսին բանտում պատժախուց են նետել

Լեյլա Յունուսին բանտում պատժախուց են նետել

Բաքվի Քյուրդախանի բանտում գտնվող հայտնի իրավապաշտպան, Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին դեկտեմբերի 11-ին պատժախուց են նետել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, իր փաստաբան Էլչին Ղամբարովի հետ դեկտեմբերի 15-ին ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է ինքը` Լեյլա Յունուսը:

«Կալանքում գտնվելու 5 ամիսների ընթացքում դա եղել է իմ ամենասարսափելի փորձությունը», – ասել է Յունուսը` նշելով, որ իրեն պատժախուց են նետել այն բանի համար, որ հրաժարվել է իշխանությունների կողմից ուղարկված բժիշկների ծառայությունից:

Լեյլա Յունուսը պատմել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին իրեն այցելել են սպիտակ խալաթներով կին բժիշկներ եւ քաղաքացիական հագուստով մեկ տղամարդ: Նրանք հայտարարել են, որ փորձագետներ են եւ պետք է անկախ դատաբժշկական փորձաքննություն անցկացնեն: «Ես պատասխանեցի, որ Ադրբեջանում չկան ոչ անկախ դատավորներ, ոչ էլ փորձագետներ: Ես հայտարարեցի, որ չեմ վստահում տեղացի բժիշկներին, այդ պատճառով հրաժարվում եմ քննության ենթարկվել: Տղամարդը սկսեց հարցնել իմ հարեւանուհուն, թե ինչպես է իրեն զգում Լեյլան, ինչպես է իրեն պահում եւ այլն: Իմ նյարդերը տեղի տվեցին: Ես սկսեցի գոռալ, արտասվել, պահանջել, որ բժիշկները հեռանան, որից հետո ծածկվեցի սավանով եւ, դողալով ու արտասվելով, շրջվեցի դեպի պատը:

Բժիշկների գնալուց 10 րոպե հետո բանտախուց մտան քրեակատարողական հաստատության 7-8 աշխատակիցներ, որոնք ինձնից պահանջեցին գնալ բանտապետի մոտ: Ես հրաժարվեցի` վախենալով, որ բժիշկները կարող է դեռ չեն հեռացել եւ ինձ կարող են ինչ-որ բան սրսկել, ինչից հետո ես կարող եմ հայտնվել նրանց իշխանության տակ: Դրանից հետո բանտի հսկիչները ինձ մահճակալից գիշերանոցով, բոբիկ քարշ տվեցին, հանեցին բանտախցից եւ միջանցքով տարան 300-400 մ: Ինձ նստեցրեցին մեքենա եւ տարան տուգանային բաժանմունք, մտցրեցին պատժախուց, որտեղ պահեցին մեկ օրից ավելի: Ես պահանջեցի, որպեսզի ինձ պաշտոնական հիմնավորում ներկայացնեն պատժախուց նետելու համար, սակայն, ինձ մերժեցին: Բանտում գտնվելու 5 ամիսների ընթացքում դրանք իմ ամենասարսափելի փորձություններն էին», -պատմել է Յունուսը:

Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը փորձել է հստակեցնել փաստը, սակայն, քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Յաշար Իսակովի հետ չի հաջողվել կապ հաստատել: Յ. Իսակովը չի պատասխանել հեռուստաալիքի հեռախոսազանգերին:

Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի:

Տեղական եւ միջազգային հանրության պաշտպանությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում