Պուտինը, Պորոշենկոն, Օլանդը և Մերկելը նշանակել են Մինսկի բանակցությունների ամսաթիվը

Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են Մինսկում շփման խմբի հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 24-ին եւ 26-ին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ վերջին օրերին հակամարտող կողմերն ընդհանուր առմամբ պահպանել են հրադադարի ռեժիմը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանակցությունների մասնակիցները կարեւորել են հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի արեւելքում, ծանր սպառազինությունների հետքաշումը եւ հումանիտար օգնությունը բնակչությանը՝ կոչ անելով հակամարտության կողմերին շարժվել քաղաքական երկխոսության ուղղությամբ: Ընդսմին երկրների ղեկավարները նաեւ հորդորել են ակտիվացնել գերիների փոխանակումը եւ Մինսկի արձանագրության մյուս կետերը, ընդգծել են Ելիսեյան պալատում:

Բանակցությունների անցկացման ամսաթիվը Twitter-ում հաստատել է Պյոտր Պորոշենկոն: «Նորմանդական ձեւաչափով» խոսակցության ընթացքում պայմանավորվեցինք Մինսկում եռակողմ շփման խմբի հանդիպումն անցկացնել այս շաբաթվա չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին»,- գրել է նա:

Ինչպես ճշտել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունում, երկրների ղեկավարները պայմանավորվել են հեռախոսային կոնսուլտացիաները շարունակել մի քանի օրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում