Դրեզդենում հակաիսլամական հերթական բազմահազարանոց ցույցն Է անցկացվել

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի է ունեցել հերթական հակաիսլամական ցույցը, որը Pegida շարժումը կազմակերպել էր «Եվրոպացի հայրենասերները դեմ են Արեւմուտքի իսլամականացմանը» կարգախոսի ներքո: Համանման ցույցեր են անցկացվել Գերմանիայի նաեւ այլ քաղաքներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, Դրեզդենում անցկացված երթին մասնակցել է ավելի քան 17 հազար մարդ: Agence France-Presse-ի տվյալներով՝ այդ ակցիան ռեկորդային է դարձել մասնակիցների թվաքանակով: Անցած շաբաթ կազմակերպված ցույցին մասնակցել էր շուրջ 15 հազար մարդ: Ինչպես նշում է գործակալությունը, ցուցարարները հավաքվել են Դրեզդենի պետական օպերայի շենքի մերձակա հրապարակում, որտեղ նրանք երգել են Սուրբծննդյան երգեր:

Սա արդեն տասներորդ ցույցն է, եւ դա, դիտորդների կարծիքով, խոսում է այն մասին, որ Գերմանիայում աճում են հակաիսլամական տրամադրությունները:

Ընդսմին ցուցարարները ժխտում են, որ իրենք ծայրահեղական կամ աջ արմատական կուսակցությունների ներկայացուցիչներ են: Նրանք ընդգծում են, որ հանդես են գալիս ի պաշտպանություն Եվրոպայում քրիտոնեական արժեքների:

Դրեզդենում զուգահեռ անցկացվել է «Դրեզդենն առանց նացիստների» կարգախոսի ներքո ակցիան, որի մասնակիցներն զգալիորեն ավելի քիչ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում