Եթե նույնիսկ մենք քայլում ենք անդունդի եզրին, մեզ ոչ ոք ներքև չի հրում

Արման Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Կցկտուր, բայց՝ լավատեսական… գլանակի տևողությամբ ու… հանուն և ընդդեմ ուսանողներիս

…ես ճանաչում եմ, փնտրում, ես գարշում եմ ներկայիս մտավորականների մոդայիկ կեղծ փիլիսոփայական ժարգոնից:
…ու չէ որ պատանի հասկաում մարդկանց կուրացնում է բառային կեղծ փայլը:
…բայց նախ և առաջ խնդրում եմ ձեզ մեկընդմիշտ դեն նետել հնարավոր նեոռոմանտիկ հոռետեսությունը, որ թունավորել ու թունավորում է սերունդներ: Ձեզ ներշնչել են, թե աշխարհն անհեթեթ է: Ի՞նչ է դա նշանակում: Ասույթն անհեթեթ է, եթե հակասում է բանականության փաստարկներին: Օրենքն անհեթեթ է, եթե վիրավորում է առողջ դատողությունը: Բայց պնդել, թե շուրջն ամեն ինչ անհեթեթ է՝ անհեթեթություն է: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա: Այն չի ենթարկվում ոչ բանականության փաստարկներին, ոչ էլ առողջ դատողությանը: Աշխարհը ելակետ է, ինչ-որ տրվածք: Բա ուրիշ էլ ինչպե՞ս: Դժվար է ենթադրել, որ աշխարհը ստեղծված է սոսկ մեր պահանջմունքները բավարարելու համար: Դա կլիներ հրաշքների հրաշքը: Աշխարհը չեզոք է: Մարդու հանդեպ այն ոչ բարյացկամ է, ոչ էլ չարակամ:
…ձեզ ներշնչել են, որ մենք ապրում ենք անդունդի եզրին և որ մահացու վտանգի գիտակցումը մեզնից խլում է բանականության վերջին փշրանքները: Բայց մարդիկ միշտ ապրել են անդունդի եզրին, և դա չի խանգարել նրանց սիրել, աշխատել, ստեղծել: Իսկ ինչու՞ դուք չհետևեք նրանց օրինակին: Ինձ կառարկեն. «ամեն ինչ փոխվել է: Անցյալի մարդկանց պահում էր հավատը: Բացի այդ էլ, ի տարբերություն մեզ, նրանց չէր սպառնում կործանումն այն մոլորակի հետ, որի վրա ապրում ենք»: Իսկ ո՞վ է խանգարում, որ դուք էլ հավատաք: Աստվածները մահացե՞լ են: Կարծում եմ պարզապես նրանք ուրիշ են դարձել: Մի մոռացեք, որ ձեզանում կա մի ինչ-որ ավելի մեծ բան, քան դուք ինքներդ եք. մի մոռացեք, որ այդ մեծությունը կա յուրաքանչյուր մարդու մեջ. զուր չի սրիկային տանջում խղճի խայթը. մի մոռացեք, որ միացյալ ջանքերով կարելի է կանխել աղետը և չթողնել, որ հողագունդը կործանվի իր բնակիչների ձեռքով. մի մոռացեք նաև, որ եթե նույնիսկ մենք քայլում ենք անդունդի եզրին, մեզ ոչ ոք ներքև չի հրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում