Ադրբեջանական խայտառակ ընտրությունները պաշտոնների վերանշանակում էր

Քաղաքապետական ընտրությունների անվան տակ իրականում Ադրբեջանում իրագործվեց տեղական ինքնակառավարման մարմինների անդամների նշանակում:

Այս մասին  «Թուրան»-ին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Աքիֆ Գուրբանովը, ով ընտրությունների մոնիտորինգ է անցկացրել:

Նրա խոսքով` ընտրական արշավի ընթացքում իշխանություններն ու իշխանամետ ԶԼՄ-ները արդար ընտրությունների մթնոլորտ չեն ստեղծել: Իշխանությունների կողմից չաջակցվող թեկնածուների նկատմամբ ճնշում է գործադրվել. որոշներին հարկադրել են հանել թեկնածությունը, որոշներին չեն գրանցել, իսկ որոշների գրանցումն էլ չեղյալ են հայտարարել:

Գուրբանովի կարծիքով` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին անցկացված քաղաքապետական ընտրություններն ավելի վատ են անցել, քան 2009 թվականին:

Նրա կարծիքով` Ադրբեջանը չի կատարում տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները, չի բարձրացնում քաղաքապետարանների կարգավիճակը: Քաղաքապետարանների իրական լիազորությունների բացակայությունը մի կողմից, մյուս կողմից էլ ժողովրդավարական ընտրությունների մթնոլորտի իսպառ բացակայությունը նախորոշել են ընտրողների ցածր ակտիվությունը:

«Ինստիտուտը մոնիտորինգ է անցկացրել 60 տեղամասում և 15 ընտրական շրջանում: Մի քանի մարդու փոխարեն մեկ անձի կողմից քվեարկելու` «կարուսելների» բազմաթիվ գործողություններից հետո անգամ ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 20 տոկոսը», -ասել է Գուրբանովը` նշելով, որ ընտրատեղամասերում խնդիրներ են ստեղծվել դիտորդների համար:

Ա.Գուրբանովը գտնում է, որ քաղաքապետական ընտրություններն այսպես անցկացնելը ուղերձ է իշխանութուններին այն մասին, որ նման կերպ կանցնեն նաև 2015 թվականին ծրագրված խորհրդարանական ընտրությունները:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քաղաքապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների ընդհանուր թվի մոտ 39 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում